Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Բելգիան Կիևին կտրամադրի ավիացիա և նավատորմ՝ խաղաղությունը պահպանելու նպատակով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը։
«Բելգիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել միջազգային ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում խաղաղության ապահովմանը ռազմական գործողությունների ավարտից հետո։ Փարիզում այսօր կայացած հանդիպումը արդյունավետ էր և վճռորոշ։ Գործընկերների լայն շրջանակի հետ միասին Բելգիան կստանձնի միջազգային ջանքերի իր բաժինը՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, հենց որ մարտական գործողություններն ավարտվեն»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Կամեցողների կոալիցիայի», ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ հունվարի 6-ին։ Բանակցությունների արդյունքում երկրները հռչակագիր են ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, կոալիցիայի գործընկերները պայմանավորվել են ԱՄՆ-ի գլխավորությամբ մասնակցել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգին և ստուգմանը, աջակցել Ուկրաինայի երկարաժամկետ զինմանը և աշխատել պարտավորությունների ընդունման շուրջ՝ «Ռուսաստանի կողմից հնարավոր ապագա զինված հարձակման դեպքում» Ուկրաինային սատարելու համար։
Ըստ Reuters-ի տվյալների՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհամաձայնեցնեն բոլոր մանրամասները, անվտանգության երաշխիքների նախագիծը կներկայացվի ռուսական կողմին։ Նշենք , որ Ռուսաստանը դատապարտում է Ուկրաինային ցուցաբերվող ցանկացած օգնություն։