Gripen կործանիչներ և Սև ծովի ականազերծում. Շվեդիան ներկայացրել է Ուկրաինային աջակցելու իր պլանը

Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների ապահովման շրջանակում Շվեդիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել Gripen կործանիչներ՝ օդային դիտարկում իրականացնելու համար։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։

Ինչպես նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում, երկիրը պատրաստ է «պահպանել խաղաղությունը» հետևյալ միջոցներով.

  • Gripen կործանիչների տրամադրում՝ Ուկրաինայի երկնքում օդային դիտարկման համար,

  • Ծովային ռեսուրսների հատկացում՝ Սև ծովում ականազերծման աշխատանքների համար,

  • Ուկրաինացի զինվորականների վերապատրաստման շարունակում։

Ըստ Քրիստերսոնի՝ սա եղել է իր ուղերձը Փարիզում կայացած «կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպման ժամանակ։ «Անհրաժեշտ պայման է, անշուշտ, խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը, բազմազգ ուժերի կողմից ուժի կիրառման կանոնների հստակ սահմանումը և խորհրդարանի պաշտոնական հավանությունը»,— նշել է վարչապետը։

Հիշեցնենք, որ «Կամեցողների կոալիցիայի», ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում՝ հունվարի 6-ին։ Բանակցությունների արդյունքում երկրները հռչակագիր են ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, կոալիցիայի գործընկերները պայմանավորվել են ԱՄՆ-ի գլխավորությամբ մասնակցել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգին և ստուգմանը, աջակցել Ուկրաինայի երկարաժամկետ զինմանը և աշխատել պարտավորությունների ընդունման շուրջ՝ «Ռուսաստանի կողմից հնարավոր ապագա զինված հարձակման դեպքում» Ուկրաինային սատարելու համար։

Ըստ Reuters-ի տվյալների՝ այն բանից հետո, երբ Ուկրաինայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհամաձայնեցնեն բոլոր մանրամասները, անվտանգության երաշխիքների նախագիծը կներկայացվի ռուսական կողմին։ Նշենք , որ Ռուսաստանը դատապարտում է Ուկրաինային ցուցաբերվող ցանկացած օգնություն։

Leave a Comment