Չվհատվեք, դիմացեք և դիմադրեք դևին․ «Հայրենիք» կուսակցության քարտուղարի ուղերձը՝ կալանավայրից

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, կալանավորված Խաչիկ Գալստյանը ուղերձ է հղել կալանավայրից․

«Չվհատվեք, դիմացեք եւ դիմադրեք դեւին:
Բարին միշտ հաղթում է չարին, լույսը՝ խավարին:
Խափանիչ
Ամենայն
Չարի
Ինքնության
Կրող
Գերագույն
Աստված
Լույսի
Սփռող
Տեր
Յիսուս
Ավերիչ
Նեռի»:

Հիշեցնենք՝ Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29–ին։

Նույն օրը ավելի ուշ ձերբակալվել է նաև Վաղարշապատում  «Հայրենիք» կուսակցության պատասխանատու, Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարում ներկայացված Արամ Քոչարյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, թե ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը:

Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան»։

Leave a Comment