ԱՄՆ-ն Ատլանտյան օվկիանոսում ռուսական դրոշի ներքո նավարկող նավթային լցանավ է կալանել

Քաղաքականություն

07.01.2026 | 20:21

ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում Bella 1 (Mariner) նավթային լցանավի կալանման մասին, գրում է Meduza-ն։

«Նավը կալանավորվել է Հյուսիսային Ատլանտիկայում՝ ԱՄՆ դաշնային դատարանի կողմից տրված օրդերի համաձայն։ Սա հաստատում է ԱՄՆ նախագահի հրահանգը, որը թիրախավորում է պատժամիջոցների տակ գտնվող նավերը, որոնք սպառնում են Արևմտյան կիսագնդի անվտանգությանն ու կայունությանը։ Գործողությունն իրականացվել է Ներքին  անվտանգության նախարարության ուժերի կողմից՝ Պատերազմի նախարարության աջակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարճ ժամանակ առաջ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ ափամերձ պահպանությունը գործողություն է իրականացնում լցանավն առգրավելու համար: Գործակալության աղբյուրները նշել էին, որ ռուսական ռազմական նավերը գտնվում են լցանավերի և ԱՄՆ ափամերձ պահպանության անմիջական մոտակայքում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment