Ալիևը նշել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը. Ինչի՞ց են փորձել խուսափել, որքա՞ն զոհ են տվել

2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, և, բնականաբար, այս անգամ ևս չի անտեսվել 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմը, ինչը միանգամայն պարզ է՝ չլիներ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակը, Բաքուն չէր ունենա տարածաշրջանային և, ինչո՞ւ չէ՝ աշխարհաքաղաքական զարգացումներում այն դերակատարումը, որն այսօր ունի:

Իսկ ի՞նչ խոստովանություններ է արել Ադրբեջանի ղեկավարն այս անգամ:

Նախ Ալիևը չի թաքցրել, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը հենց Ադրբեջանն է սկսել, որին նախորդել է նախապատրաստական որոշակի ժամանակահատված:

«Տարիների ընթացքում ինձ մոտ այլևս որևէ կասկած չէր մնացել հակամարտության ռազմական տարբերակով կարգավորման անխուսափելիության վերաբերյալ։ Անհրաժեշտ էր միայն պատշաճ մակարդակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- շեշտել է նա՝ միաժամանակ հավելելով, որ «ռազմական օպերացիաներն իրականացրել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես՝ ինքնապաշտպանության իրավունքի»:

Այն, որ 44-օրյա պատերազմը սկսել է Բաքուն, և դրան երկար պատրաստվել է, Ալիևը, ադրբեջանական զինվորականությունն այլ առիթներով ավելի ուղիղ խոստովանություններ են արել: Ավելին, մի առիթով նույնիսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն է հայտարարել, որ 44-օրյա պատերազմն Ադրբեջանն է սկսել՝ ասելով. «Ադրբեջանի բանակը սկսել է մարտական գործողությունները՝ նպատակ ունենալով «ազատագրել օկուպացիայից հայրենի հողը` Ղարաբաղը», և վերջ դնել տարիների ճնշմանը և անարդարությանը»:

Այսինքն, Ադրբեջանը պատերազմ սկսելու էր, այլ հարց էր՝ ե՞րբ, և դա եղավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին: Մասնագիտական կարծիքների համաձայն, Ադրբեջանը հարվածելու էր հենց այն պահին, երբ իր պետության հզորությունը գնահատեր ամենաբարձրը, իսկ հակառակորդի, տվյալ դեպքում՝ մեր պետության հզորությունը՝ ամենացածրը: Իսկ պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն: Եվ Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերն, իրենց իսկ գնահատմամբ, հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ:

Այստեղ հարկ է հիշել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որտեղ նա հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, ինչը ենթադրում էր ՀԱՊԿ անդամ պետությունների և հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավում:

Իհարկե, 168.amգրել է, որ հուլիսյան մարտերից հետո ՆԱՏՕ անդամ որոշ երկրների ռազմական ղեկավարությունն առաջարկել է չեզոքացնել թուրքական պատերազմական սպառնալիքը, բայց Օնիկ Գասպարյանի ասածն այլ բանի մասին էր, և դա ռազմական կառույցի խնդիրը չէր:

Իսկ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը նաև հայտնել է, որ 44-օրյայի ընթացքում ռազմական օպերացիաներում փոփոխություններ և շտկումներ են մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ «հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ իրենց մտադրությունների մասին»:

«Ես ամեն օր Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, Արտաքին հետախուզական ծառայության, Պետական սահմանապահ ծառայության, Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ խորհրդակցությունների ժամանակ մենք նախորդ օրվա արդյունքներն ենք ամփոփել, վեր հանել թերությունները, ինչպես նաև՝ հաստատել հաջորդ օրվա պլանը: Այսինքն, շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է տարվել, և հակառակորդի համար մեր գործողություններն ու օպերացիաներն անակնկալ էին, որոնք այսօր շատ դեպքերում արդեն հայտնի են»,- 2021 թվականին «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված զրույցում մանրամասնել էր Ալիևը և հավելել, որ «Երկաթե բռունցք» անվանումը տալ պատերազմական ամբողջ գործողություններին մտահղացել է մարտական գործողությունների որոշակի փուլում:

Իսկ 2026 թվականի հունվարին տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ալիևը, ըստ էության, նշել է պատերազմի ընթացքում օպերացիաների փոփոխման գլխավոր պատճառը.

«44-օրյա պատերազմի ընթացքում օպերացիաների ուղղությունների ոչ մեկ անգամ փոփոխությունը պայմանավորված էր մեծաթիվ կորուստներ ունենալու հավանականությամբ»:

«Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցումը ևս պայմանավորված էր հենց սրանով։ Եթե պատերազմը չկանգնեցվեր, կորուստները շատ անգամ ավելի մեծ կլինեին»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը, ով անցած տարի հայտարարել էր, որ Քարվաճառը նոյեմբերի 9-ի եռակողմով վերադարձնելով՝ պահպանել են հազարավոր ադրբեջանցի զինվորների կյանքեր, ուժով վերցնելը բարդ էր, երբ առանց այն էլ այստեղ ադրբեջանական կողմը բավականին զոհեր է տվել, իսկ հայկական բանակը կարողացել է պահել Քարվաճառը:

Եվ սա այն դեպքում, երբ հայկական բանակը միայնակ էր 44-օրյա պատերազմում, իսկ Ադրբեջանն ուներ Թուրքիայի լիակատար, ինչպես նաև՝ Պակիստանի, ռազմատեխնիկական առումով՝ նաև Իսրայելի աջակցությունը: Բայց արի ու տես, որ պատերազմից հետո բանակի՝ զինվորների, սպաների, հրամանատարների հերոսություններն այնքան չշեշտադրվեցին, որքան արձանագրված բացասական առանձին դեպքերը:

Այո, նոյեմբերի 9-ին և դրանից էլ շուտ պատերազմը կանգնեցնելը ձեռնտու էր նաև հայկական կողմին, բայց արդյո՞ք ՀՀ ռազմական նախկին ղեկավարությունը, քաղաքական գործող ղեկավարությունն իրենց հայտարարություններում խոսել են այն մասին, որ Ադրբեջանն օպերացիաների ուղղություններ է փոխել՝ խուսափելու մեծաթիվ զոհերից, նոյեմբերի 9-10-ին ձգտել է դադարեցնել պատերազմը դարձյալ նույն պատճառով:

Հիշեցնենք, որ 168.am-ը դեռ 2021 թվականին էր գրել, որ 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի համար կարևոր խնդիր է եղել հասնել Լաչին, և, որ ընթացքում Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը փոխվել են: Հիշեցնենք նաև, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման Ալիևը տվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա 2025 թվականի նոյեմբերին 44-օրյայի հայկական զոհերի պաշտոնական թիվ էր նշվել՝ 3833, և և 191 անհայտ կորած։ Այսինքն, զոհերի թիվը կարող է փոխվել ժամանակի ընթացքում: Մենք այս առիթն օգտագործելով՝ ներկայացրել ենք պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչների հրապարակած զոհերի թվերը՝ ըստ ժամանակագրության: Իսկ այսօր արդեն որոշեցինք ուսումնասիրել ադրբեջանական աղբյուրները և գտնել Ադրբեջանի զոհերի պաշտոնական թիվ։

2021 թվականի հունվարի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես իրենց զոհերի պաշտոնական թիվ, նշել է 2855, 2021 թվականի մայիսին Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ զոհերի թիվը դարձել է 2895, 2025 թվականին ադրբեջանական զոհերի թիվը հայտարարվել է՝ ավելի քան 2900:

Հայաստանի դեմ 2022 թվականի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան նախապես պլանավորված է եղել

2025թ. մեկ այլ առիթով Ալիևն ասել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմիև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական» գործողությունների ժամանակ միասին վերցրած՝ ավելի քան 3000 զոհ է տվել Ադրբեջանը: Չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմում իրենց զոհերի իրական թիվը թաքցնում են: Դեռ չենք խոսում պատերազմում սիրիացի վարձկանների և թուրք զինվորների շրջանում զոհերի մասին:

Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը թարմացրել է իր ձեռքի տակ ունեցած տվյալները, որի համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածները 6-ն են:

Իսկ Ալիևը հունվարի 5-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո մյուս ռազմական գործողությունները ևս նախապես պլանավորված են եղել:

Այսինքն, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Բաքվի ոչ մի գործողություն չի եղել սպոնտան, էմոցիոնալ, իրականությունից կտրված: Սա վերաբերում է նաև Հայաստանի սահմանին իրականացված մարտական գործողություններին:

«Մենք ստիպված էինք ձեռնարկել այլ գործողություններ՝ ինչպես Հայաստանի հետ պայմանական սահմանին, այնպես էլ՝ այն տարածքում, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Եվ մենք դա արեցինք՝ չնայելով ոչ մեկի և ոչ մի բանի, որովհետև գիտեինք՝ մենք դա պետք է անեինք»,- հայտարարել է Ալիևը՝ հիշեցնելով 2022 թվականին ՀՀ սահմանին սեպտեմբերյան մարտերը և 2023 թվականին Արցախում իրականացված ագրեսիան:

168.amգրել էր, որ Ադրբեջանը բավարարված չէր 44-օրյա պատերազմի արդյունքներից, և, թե ինչ խնդիր է լուծել Ալիևը սեպտեմբերյան մարտերով: Այսինքն, ինչպես Ալիևն է ասել, 44-օրյայից հետո հաշվի են առել իրենց թույլ կողմերը և փորձել շտկել և կատարելագործել դրանք, ինչից հետո միայն անցել են այն գործողություններին, ինչի մասին արդեն նշեցինք:

168.amանդրադարձել է 44-օրյայում Ադրբեջանի թույլ կողմերին: Եվ նույնիսկ այսօր, երբ Ադրբեջանը հաղթած պետություն է, Արցախն ամբողջովին օկուպացված է, ավելին՝ Հայաստանի ավելի քան 200 քկմ տարածք՝ ևս օկուպացված, հաշվի առնելով, որ միջազգային իրավունք կոչվածը գոյություն չունի, և հարցերն ամբողջ աշխարհում ուժով են լուծվում, Ալիևն Ադրբեջանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ իրենք միշտ պետք է զգոն և ուժեղ լինեն։

«Մենք պետք է ուժեղ լինենք և պատրաստ ցանկացած ժամանակ պաշտպանելու մեր հողը։ Վստահ եմ, որ այսուհետ մեր հողի ոչ մի թիզ այլևս ոչ մեկի կրունկի տակ չի հայտնվի»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարը, միաժամանակ ընդունելով, որ Ադրբեջանի բանակն այսօր իր մարտական պատրաստվածությամբ և զինվածության մակարդակով ավելին է, քան 44-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն՝ այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան 2020 թվականին:

Ի դեպ, այս համատեքստում Ալիևն ասել է, որ 2025 թվականի նոյեմբերին Բաքվի մեծամասշտաբ զորահանդեսում ցուցադրվել է պատերազմից հետո ձեռք բերված ամբողջ սպառազինության մի մասը միայն, իսկ մյուս մասը կցուցադրվի, երբ ժամանակը գա: Հիշեցնենք, որ Ալիևն անցած տարվա օգոստոսից պարբերաբար կրկնում է, թե պատերազմելու ցանկություն չունեն, պատերազմներն անցյալում են, իսկ իրականում, եթե դեռ չլուծված հարցերի այլ ճանապարհ չտեսնեն, դիմելու են ռազմական քայլերի։ Իհարկե, չենք մոռանում, որ Ադրբեջանի սպառազինումը միայն Հայաստանով չի պայմանավորված, և հենց սրա համար է, որ Ալիևը ցանկանում է, որ թյուրքական աշխարհը ռազմական ամուր համագործակցություն ունենա: Բայց նույնիսկ այստեղ Հայաստանը մտածելու բան ունի:

Leave a Comment