«Սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ, ասել է Անդրեասյանը
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք ունենք ավելի քան 9600 ուսուցիչներ, բողոքարկման արդյունքները հաշվի առնելով, որոնք անցել են կամավոր ատեստավորումը հաջողությամբ և բարձրացված վարձատրություն կստանան արդեն այս ամսվանից սկսած։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ավելացնելով, որ ատեստավորում անցած ուսուցիչները կազմում են Հայաստանի ուսուցիչների շուրջ 31 %–ը։
«Սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ։ Միևնույն ժամանակ մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ուսուցիչների հետ, որպեսզի հասկանանք` ինչ բարելավման տեղեր ունենք, և այս աշխատանքն էլ կազմում է մեր շարունակական քայլերի մի մասը», – ասաց նախարարը։
Անդրեասյանի խոսքով՝ ատեստավորված ուսուցիչների թիվը գնալով ավելանալու է, քանի որ ամեն 3-րդ ուսուցիչն ատեստավորված է։
Նախարարը նաև խոսել է համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թվի մասին և հայտնել 2024 թ-ին և 2025 թ․ առաջին կիսամյակում դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։
«Դրանք մարդիկ են, որոնք մինչև այդ չեն դասավանդել դպրոցներում, և 2025-26 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Եթե մենք նայենք նրանց բաշխվածությանը, օրինակ` ըստ տարիքային կազմի, ապա կարող ենք տեսնել, որ այս ուսուցիչների շուրջ 80 %–ը մինչև 45-տարեկան մարդիկ են»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարության այս քաղաքականությունը, որն ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում, և այն մարդիկ, որոնք նախկինում չէին մտածել դասավանդման մասին, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի՝ համալրելով ուսուցչական համակազմի շարքերը։