Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով ոչ միայն խորությամբ գիտակցում է գոյաբանական մարտահրավերները, այլ նաև այդ ուղղությամբ կատարում է գործուն քայլեր․ Արթուր Դանիելյան



Blog


 

Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ նույն ժամանակահատվածի համար նվազեցրել պաշտպանական ծախսերը։ Սա պարզապես թվերի համեմատություն չէ․ սա քաղաքական ուղերձ է, որն ուղղված է թե՛ ներսին, թե՛ դրսին։

 

Երբ մի պետություն հետևողականորեն ավելացնում է ռազմական ծախսերը, այն ազդարարում է ուժի կիրառման պատրաստակամություն և քաղաքական կամք։ Երբ մյուսը՝ նվազեցնում է, ընկալվում է որպես ռազմավարական նահանջ, անկախ այն բանից, թե ինչ ձևակերպումներով է ներկայացվում հանրությանը։

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղություն։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ խաղաղությունը չի ձևավորվում միակողմանի զիջումների կամ ինքնախաբեության միջոցով։ Այն կառուցվում է ուժերի հավասարակշռության, ազգային համարժեք դիմադրողականության և պետական ինստիտուտների ամրության վրա։

 

Այս ֆոնին հարցը պարզ է․

ո՞րն է Հայաստանի ռազմավարական նպատակը օրվա իշխանության պատկերացմամբ։

Անվտանգ պետությո՞ւն, թե՞ անվտանգային պատասխանատվությունից նահանջ։

 

Պետության հիմնական պարտականությունը սեփական քաղաքացիների անվտանգությունն է։ Ցանկացած իշխանություն, որն այդ պարտականությունը ստորադասում է կարճաժամկետ քաղաքական հաշվարկներին կամ արտաքին գթասրտության սպասումներին, վտանգում է պետության ապագան։

 

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով ոչ միայն խորությամբ գիտակցում է գոյաբանական մարտահրավերները այլ նաև այդ ուղղությամբ կատարում է գործուն քայլեր, այլ ոչ թուլության ցուցադրում՝ որպես անվտանգության գրավական։





Leave a Comment