Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում երկրորդ օրն անընդմեջ վերսկսվել են մարտերը կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև, որոնց հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ փախել են, և առնվազն չորս մարդ՝ զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Սիրիայի կառավարական զորքերի ու քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում՝ ըստ հաղորդումների:
Գիշերը հարաբերական հանդարտությունից հետո կրակոցները վերսկսվել են այսօր՝ հունվարի 7-ին, և ուժեղացել օրվա երկրորդ կեսին, հայտնում են քաղաքում Reuters-ի թղթակիցները: Հալեպի առողջապահության վարչությունը հայտնել է, որ ևս 18 մարդ վիրավորվել է:
Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ են հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել են, կիրառվել է հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Ազգային առաջնորդարանի դիվանը ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ արել ապաստանել եկեղեցում:
