Օրերս վարչապետը հայտարարեց Հայաստանյայց
Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, և հայտարարվեց ճանապարհային քարտեզը։ Վարչապետը նաև հայտարարեց
համակարգող խորհրդի ձևավորման մասին, որին վերապահում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ
եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ, և կազմը կարող է ընդլայնվել համակարգող
խորհրդի համաձայնությամբ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Բուլղարիայի Վառնա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանի
հետ: Զրուցել ենք նաև եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների և Կտրիճ Ներսիսյանի
հեռացման մասին։
Մեր զրուցակիցը նշեց, որ վարչապետի
և եպիսկոպոսների նախորդ հանդիպմանը արդեն բարենորոգման մեկնարկը տրվեց, բայց պաշտոնապես
չհայտարարվեց։
«Մենք հիշում ենք՝ երբ վեց ամիս առաջ վարչապետը սկսեց այս
նախաձեռնությունը՝ «վեհարանը վեհին», արդեն ինքը խոսում էր այդ հանձնախմբի մասին և
պատրաստվում էր, որ այդ հանձնախումբը ձևավորվի։ Ինքը մի քանի հանդիպումներ ունեցավ
աշխարհականների, որոշ հոգևորականների հետ: Անշուշտ, այս բոլորը նախքան այս տասը եպիսկոպոսների
հայտնվելը և ուղղակի այդ նամակի ստորագրությունը պաշտոնական մեկնարկն էր։ Այսինքն՝
կարող ենք ասել, որ մինչև այսօր այդ նախաձեռնությունը պարզապես օդի մեջ խոսակցություն
էր, առաջարկություններ էին, մտքերի փոխանակումներ էին, բայց այս անգամ, երբ ստորագրվեց
այս նախաձեռնությունը, մենք արդեն անցանք պաշտոնական փուլին»,- ասաց տեր Արմենը։
Նրա խոսքով՝ եթե Կտրիճ Ներսիսյանը
չընդառաջի վարչապետի խոսքին, թեև ինքը վստահ է, որ չի ընդառաջելու, ապա մնում է միայն
նրան հեռացնելը։
«Այնպես որ, ես կարծում եմ՝ շատ
մերձ է գարունը, և հայ եկեղեցու բողբոջները պիտի սկսեն ծլել, և մենք Կտրիճից ի վերջո
պիտի ձերբազատվենք»,- հավելեց տեր Արմենը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան