Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ թշնամական ուժերի ցանկացած սխալ կստանա կոշտ և վճռական պատասխան՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չպետք է միջամտեն Իրանում ընթացող բողոքի ցույցերին։ Այդ մասին հայտնում է Tasnim News Agency-ն։
Հաթամին նշել է, որ իրանական զինված ուժերը գտնվում են զգալիորեն ավելի բարձր պատրաստվածության մակարդակում, քան 2025 թվականի հունիսին՝ երկրին պարտադրված պատերազմի նախօրեին։ Նրա խոսքով՝ Թեհրանը թշնամական հռետորաբանության սրումը դիտարկում է որպես սպառնալիք և այն անպատասխան չի թողնի։
«Սխալ հաշվարկի դեպքում Իրանը կկտրի ագրեսորի ձեռքը»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետության ներքին գործերին ցանկացած միջամտություն կստանա կոշտ արձագանք։
Հաթամին նաև նշել է, որ իրանցիների սոցիալ-տնտեսական և մասնագիտական բողոքները կապ չունեն ԱՄՆ նախագահի հետ․ ըստ նրա՝ չնայած կյանքի պայմանների դժգոհությանը՝ քաղաքացիները չեն աջակցել անկարգություններին և չեն հետևել դրսից պարտադրվող սցենարներին։
Human Rights Activists News Agency-ի տվյալներով՝ Իրանում վերջին 10 օրերի բողոքների ընթացքում զոհվել է առնվազն 36 մարդ, այդ թվում՝ 34 ցուցարար և անվտանգության ուժերի երկու ներկայացուցիչ։ Նշվում է նաև ավելի քան 60 վիրավորի և 2076 ձերբակալվածի մասին։
Բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական արժույթի կտրուկ անկման ֆոնին:
