7 հունվարի 2026 – 16:31 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ։ Այս տվյալը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Կամավոր ատեստավորման բողոքարկման արդյունքներն արդեն ամփոփված են, ու հաշվի առնելով հենց դրանք` ավելի քան 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը։ Սա մեր ուսուցիչների մոտ 31 տոկոսն է։ Սա շատ լավ ցուցանիշ է ու ցույց է տալիս, որ այս համակարգը կայացել է»,- նշել է Անդրեասյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հավելել է, որ բոլոր այն ուսուցիչները, ովքեր հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորումը, արդեն հունվար ամսից ստանալու են բարձրացված աշխատավարձ։
Կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է դեռևս 2021 թվականին։ 2025 թվականին դրա համար դիմել է 8628 ուսուցիչ, որոնցից 7276-ը մասնակցել է գործընթացին։ 60-100% գնահատման անցողիկ շեմը հաղթահարել է ավելի քան 4850 ուսուցիչ։