«Քննադատական մտածողություն». ինչպես գրագետ որոշումներ կայացնել․ «Վերնատուն»

Հաղորդումն անդրադառնում է «Քննադատական մտածողություն» գրքին, որի հեղինակի՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ քննարկվում է քննադատական մտածողության կարևորությունը։ Գիրքն, ըստ հեղինակի, ամփոփում է տարիների ընթացքում հազարավոր մարդկանց հետ անցկացված սեմինարների արդյունքում կուտակված փորձը՝ ի մի բերելով տեսական և պրակտիկ խնդիրները։

«Քննադատական մտածողությունն այն է, երբ սկսում ես խորանալ ներքին մեխանիզմների մեջ»,– ասում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ «Քննադատություն» բառը ծագում է հունարեն «կրիտիկա» բառից, որն ունի նույն արմատը, ինչ «կրիզիսը»՝ ճգնաժամը։ Քննադատական մտածողությունն անհրաժեշտ է հենց այն «կրիտիկական» պահերին, երբ մարդը կանգնած է երկընտրանքի առաջ և պետք է հստակ որոշում կայացնի։ Քանի որ ժամանակակից կյանքում որոշումների կայացումն անընդհատ գործընթաց է, այս հմտությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։

Հեղինակի մեկնաբանությամբ՝ աշխատությունը բաղկացած է չորս հիմնական մասերից։ Առաջին մասում քննարկվում է, թե որ դեպքերում քննադատական մտածողությունը կիրառելի չէ։ Երկրորդ մասն անդրադառնում է տրամաբանական և հռետորաբանական այն հնարքներին, որոնք շեղում են մարդուն իրական տրամաբանությունից։ Երրորդ բաժինը նվիրված է գիտակցության շեղումներին, մարդը կարող է սխալվել կենսաբանական պատճառներով։ Չորրորդ մասում ներկայացվում են «մտաջիկոնները»՝ հատուկ գործիքներ, որոնք օգտագործելով դու կարող ես վերաբերմունք ունենալ այս կամ այն հաղորդակցության նկատմամբ, մարդու վարքը, այն, ինչ ուզում ես գնահատել քննադատական մտածողության տեսակետից։

Քննադատական մտածողությունը ոչ միայն ճգնաժամային պահերի գործիք է, այլև հասարակական համերաշխության հիմք։ Թեև նման մտածողությունն այսօր ավելի շատ բնորոշ է գիտական կամ նեղ մասնագիտական խմբերին, դրա լայն տարածումը հասարակության մեջ կարող է նպաստել առկա խնդիրների առավել արդյունավետ լուծմանը։ Գիրքը հասանելի է ինչպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում, այնպես էլ առցանց տարբերակով՝ հետևյալ հղումով:

Leave a Comment