Ամերիկյան բանտում մահացել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի գործակալ Օլդրիչ Էյմսը, որը Մոսկվային էր հանձնել «գրեթե ամբողջ ԿՀՎ գործակալական ցանցը» 

Քաղաքականություն

07.01.2026 | 16:00

ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտված ԿՀՎ նախկին աշխատակից Օլդրիչ Էյմսը հունվարի 5-ին մահավել է Մերիլենդ նահանգի Քամբերլենդի դաշնային բանտում։ Նա 84 տարեկան էր։ Ամերիկյան լրատվամիջոցներն Էյմսի մահվան մասին հայտնել են հունվարի 7-ին՝ վկայակոչելով ԱՄՆ բանտերի բյուրոյին։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հրապարակվել, գրում է The Insider-ը։

Էյմսը ցմահ ազատազրկման էր դատապարտված՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ 1985-ից 1994 թվականներին նա խորհրդային, ապա նաև ռուսական հետախուզությանը տրամադրել է ԿՀՎ-ի և դաշնակից հետախուզական գործակալությունների հետ համագործակցող գործակալների անունները, ինչպես նաև հարյուրավոր հետախուզական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Իր մեղքի ընդունման վրա հիմնված համաձայնության շրջանակում Էյմսը խոստովանել է, որ իր գործունեության ընթացքում բացահայտել է «ԽՍՀՄ-ում գտնվող ԿՀՎ-ի և ամերիկյան ու օտարերկրյա այլ հետախուզական գործակալների գրեթե բոլորի» ինքնությունները։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Էյմսը Մոսկվային տեղեկություններ է տրամադրել առնվազն տասը գործակալի մասին։ Նրանցից ինը մահապատժի են ենթարկվել ԽՍՀՄ-ում։ ԱՄՆ իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ այս գնահատականները հիմնված են հետախուզական տվյալների և դասալիքների ցուցմունքների վրա, քանի որ ռուսական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ անձանց ճակատագիրը։

Ինքը՝ Էյմսը, ձերբակալությունից հետո Washington Post-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր գործողությունները «հանգեցրել են մարդկանց մահվան», սակայն դատավարության ժամանակ նա փորձել է նվազեցնել իր աշխատանքի հետևանքները՝ հետախուզական պատերազմն անվանելով երկրորդական ազգային անվտանգության համար: Դատավարական փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա գործել է անձնական շահերից ելնելով՝ տեղեկատվություն փոխանցելով։ Մոսկվայի հետ իր համագործակցության համար Էյմսը ստացել է ավելի քան 1 միլիոն դոլար կանխիկ գումար՝ Ռուսաստանում լրացուցիչ վճարումների և անշարժ գույքի խոստումների հետ միասին:

Էյմսի ձերբակալությունը 1994 թվականի փետրվարին ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի կողմից տարիներ տևած հետաքննության ադյունք է եղել, որը սկսվել է այն բանից հետո, երբ ԽՍՀՄ-ում ու Արևելյան Եվրոպայի երկրներում ամերիկյան աղբյուրները սկսել են  մեկը մյուսի հետևից անհետանալ։ Նույն թվականին Էյմսը խոստովանել է իր մեղքը. հետաքննության հետ համագործակցության դիմաց դատարանը մեղմացրել է նրա կնոջ պատիժը, որը նույնպես մեղադրյալ էր այս գործով

Ռուսաստանը երբեք չի փորձել նրան ազատ արձակել կամ փոխանակման որևէ գործարքում ներգրավել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment