Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը «Ազատությանը» մեկնաբանել է իտալական Tour de Ski մրցաշարից առաջ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելու համար իրեն տուգանելու որոշումը։
Դահուկորդը պատմեցլ է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է՝ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։
«Փակեցի ու գնացի մեկնարկի: Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է: Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց»,- նշել է Միքայելյանը։
Մարզիկի խոսքով՝ ժյուրին մրցումից հետո բացատրություն է պահանջել՝ ընդգծելով, որ միջազգային կանոններով բոլոր հովանավորների նշումները պետք է տեսանելի լինեն (Ադրբեջանի պետական տուրիզմի գործակալությունը 2025 թվականից ի վեր Միջազգային դահուկային ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է-խմբ․): Միաժամանակ նրան հայտնել են, որ իրավիճակը հասկանում են, սակայն արձանագրել են խախտումը։
Մարզիկը չի բացառել, որ նման դեպքերը կարող են կրկնվել։
«Մենք տարեկան ունենք մոտ 20 մրցում ու Աշխարհի գավաթի խաղարկություններում հովանավորները հիմնականում նույնն են և նմանապես նույն ձև կարող է լինել նաև «Ադրբեջան» գրվածք: Ժյուրին խնդրեց, որ հետագայում նման քայլի չգնամ, ես նրանց պատասխանեցի, որ այժմ ոչինչ խոսք տալ չեմ կարող», – ընդգծել է դահուկորդը:
Միքայելյանը շեշտել է, որ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին խնդրել է աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։
Միքայելյանի նկատմամբ սահմանված տուգանքը վճարելու է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Միքայելյանը մրցույթի ժամանակ իր մրցակցային հագուստի վրա «Ադրբեջան» գրությունը ծածկել էր կպչուն ժապավենով։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
