Արտերկրից Հայաստան իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2025թ․–ի 11 ամիսներին աճել է 17,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 1,32 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 1,12 մլրդ դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվության տվյալները:

Այսպիսով, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 17,9%-ով:

Միաժամանակ, ընթացիկ տարվա նոյեմբերին զուտ ներհոսքը կազմել է 176,9 մլն դոլար՝ նախորդ տարվա նոյեմբերի 76,4 մլն դոլարի դիմաց։

ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների ներհոսքը ընթացիկ տարվա 11 ամիսներին կազմել է 5,26 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,98 մլրդ դոլարի դիմաց։

Հայաստան կատարված փոխանցումների առաջատարների թվում են Ռուսաստանը՝ 3,37 մլրդ դոլարով, և ԱՄՆ-ը՝ 662 մլն դոլարով: Ընդ որում, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Հայաստան կատարվող փոխանցումների առաջատարներն են եղել նաև նախորդ տարվա 11 ամիսների արդյունքներով (համապատասխանաբար՝ 3,17 մլրդ դոլար և 623,7 մլն դոլար):

Միևնույն ժամանակ, ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների արտահոսքը 2025 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 3,94 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 3,85 մլրդ դոլարի դիմաց։

Տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումներով առաջատար են Ռուսաստանը (685 մլն դոլար) և ԱՄԷ-ն (573,8 մլն դոլար)։ 2024 թվականի հունվար-նոյեմբերին առաջատարները դարձյալ ԱՄԷ-ն է (811,4 մլն դոլար) և Ռուսաստանը (613,5 մլն դոլար)։

Leave a Comment