Դիանա Գասպարյանի քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերաբերող քրեական գործը 2025 թվականի դեկտեմբերի 29-ին մուտք է արվել դատարան։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դիանա Մնացականի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, համայնքային ծառայության քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իր հետ փոխկապակցված անձանց Շահեն Շահինյանի և Աշոտ Միրզոյանի օժանդակությամբ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական (համայնքային) և ծառայողական շահերի, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել պետության (համայնքի) օրինական շահերին, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև իր հետ փոխկապակցված անձ (ամուսնու հայրը) Աշոտ Արամայիսի Միրզոյանի, իր ամուսնու՝ Արամայիսի Աշոտի Միրզոյանի, իր հետ փոխկապակցված անձ Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի հետ նախնական համաձայնությամբ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Դիանա Գսպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով․

296-րդ հոդված 3-րդ մաս 2-րդ կետ․ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։

296-րդ հոդված 3-րդ մաս 3-րդ կետ․ փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով։

441-րդ հոդված 2-րդ մաս 2-րդ կետ․ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը  պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Դիանա Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Դիանա Գասպարյանի ամուսնուն՝ Արամայիս Միրզոյանին, սկեսրոջը՝  Աշոտ Միրզոյանին և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանին։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a Comment