Հալեպում բախումներ են կանխատեսվում․ հայերին կոչ են արել ապաստանել եկեղեցում

Հունվարի 6-ի երեկոյան տեղի ունեցած բախումներից և դրանց դադարից հետո Հալեպի Շեյխ Մաքսուտ, Աշրաֆիե շրջաններում և հարակից տարածքներում կանխատեսվում են լուրջ բախումներ, հայտնել է Ազգային առաջնորդարանի դիվանը։

Առաջնորդարանից հայերին կոչ են արել ապաստանել եկեղեցում։

«Բախումների գոտում բնակվող մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը բաց է և կարող է ծառայել որպես ապաստարան՝ մինչև իրավիճակի կայունացումը»,- ասվաշ է հաղորդագրության մեջ։

Ցանկացած դժվարության կամ շտապ անհրաժեշտության դեպքում առաջնորդարանից կոչ են արել զանգահարել Տիգրանյան կենտրոն՝ 096 543 7612, Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ 098 217 2535, 095 401 9530, իսկ բժշկական անհրաժեշտության դեպքում դիմել Կարմիր խաչի բուժկետին՝ Նոր Գյուղում։

Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ են հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել են, կիրառվել է հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը հերթական բախումներից հետո պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ, սակայն հրադադարը կրկին խախտվել է, հաղորդվում է առնվազն 4 զոհի մասին:

Leave a Comment