«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է, հանգուցյալների հիշատակի օրը թույլ չեն տվել այցելել հոր գերեզմանին, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Փաստաբանը հիշեցրել է, որ հունվարը հատկապես կարևոր է Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար. Սուրբ Ծննդից և Աստվածհայտնությունից հետո նրանք նշում են Մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակի օրը:
«Կարապետյանի համար ևս խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրն իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ՝ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը»,- նշել է Վարդևանյանը:
Փաստաբանն ընդգծել է, որ այս հարցով դիմել էին և՛ քննիչին, և՛ դատախազին, սակայն այդ միջնորդությունը մերժվել է:
«Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Կարապետյանի դեպքում սահմաններ չի ճանաչում»,- եզրափակել է նա:
Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը դեկտեմբերի 30-ին վերադարձել էր տուն։ Դատարանը բավարարել էր փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։
