NVIDIA-ն ներկայացրել է նոր AI տեխնոլոգիա՝ առանց վարորդ մեքենաների համար

Ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկան ներկայացրել է արհեստական բանականության նոր տեխնոլոգիա, որը նախատեսված է առանց վարորդ ինքնավար մեքենաների համար։ Նոր լուծումը ներկայացվել է CES 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում։

Ներկայացված տեխնոլոգիան կոչվում է Alpamayo և հանդիսանում է AI-մոդելների ընտանիք, որը թույլ է տալիս ինքնավար մեքենաներին ոչ միայն «տեսնել» շրջակա միջավայրը, այլ նաև վերլուծել բարդ և ոչ ստանդարտ իրավիճակները ճանապարհին ու կայացնել տրամաբանական որոշումներ՝ մոտենալով մարդկային վարորդի մտածողությանը։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, լուսացույց չունեցող խաչմերուկներով երթևեկությանը, ինչպես նաև անկանխատեսելի վարքագիծ ունեցող ճանապարհային մասնակիցների հետ փոխազդեցությանը։

NVIDIA-ի տվյալներով՝ Alpamayo-ն կարող է համադրել տեսողական տվյալները, սենսորների տեղեկատվությունն ու երթևեկության իրավիճակը՝ կանխատեսելով հնարավոր վտանգները և ընտրելով առավել անվտանգ վարքագիծը։ Տեխնոլոգիան նախատեսված է ինքնավարության բարձր մակարդակների (մինչև Level 4) համար, երբ մեքենան կարող է շարժվել առանց վարորդի միջամտության։

Ընկերությունը նշում է, որ նոր AI-մոդելները կաշխատեն NVIDIA Drive հարթակի վրա և արդեն ինտեգրվում են ավտոմոբիլային արտադրողների հետ համագործակցության շրջանակում։ Մասնավորապես, տեխնոլոգիան նախատեսվում է կիրառել ապագա սերնդի ինքնավար ավտոմեքենաներում, այդ թվում՝ Mercedes-Benz-ի մոդելներում։

NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի խոսքով՝ այս լուծումը կարևոր քայլ է, w8peszi արհեստական բանականությունը դուրս գա վիրտուալ միջավայրից և գործի ֆիզիկական աշխարհում՝ բարձրացնելով ճանապարհային անվտանգությունն ու ինքնավար մեքենաների հուսալիությունը։

Leave a Comment