Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը սպառնում է մատակարարումների շղթայի կայունությանը. Չինաստանի ԱԳՆ

Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը սպառնալիքի տակ է դրել մատակարարումների համաշխարհային շղթայի կայունությունը և լատինամերիկյան երկրի տնտեսական իրադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հունվարի 7-ին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

ABC հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրների, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պահանջել է, որ Վենեսուելան համաձայնի ԱՄՆ-ի հետ բացառիկ նավթային գործընկերության և նախապատվությունը Վաշինգտոնին տա ծանր նավթի վաճառքի հարցում։

«Վենեսուելայի դեմ ուժի հանդուգն կիրառումը լրջորեն ազդել է Վենեսուելայի տնտեսական ու սոցիալական կարգի վրա և սպառնում է մատակարարումների համաշխարհային շղթայի կայունությանը. Չինաստանը խստորեն դատապարտում է դա», – ասել է Մաո Նինը։

Դիվանագետը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Պեկինը պլանավորում պաշտպանել իր էներգետիկ շահերը Վենեսուելայում, ընդգծել է, որ Չինաստանի և Վենեսուելայի միջև համագործակցությունը գործակցություն է ինքնիշխան պետությունների միջև, որը պաշտպանված է միջազգային իրավունքով և երկու երկրների օրենքներով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելան 30-ից 50 միլիոն բարել նավթ կարտահանի ԱՄՆ։

 

Leave a Comment