Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» արշավը նման է նրան, որ թմրամոլները հայտարարեն պայքար թմրամիջոցների տարածման դեմ։Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով։

Փաշինյանի քաղաքական անցյալն ու ներկան լի են որոշումներով և քայլերով, որոնք լրջորեն վնասել են պետական ինստիտուտներին, ազգային անվտանգությանը, հասարակական համերաշխությանը և բարոյական դաշտին։ Նրա մեղքերը՝ քաղաքական, պետական և արժեքային, տասնապատիկ, եթե կուզեք՝ հարյուրապատիկ, եթե կուզեք՝ հազարապատիկ անգամ ավելի ծանր են, քան երեք նախագահների բոլոր սխալներն ու մեղքերը միասին վերցրած։

Մարդ, ով թուլացրել է պետության ողնաշարը և հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների», չի կարող հանդես գալ որպես բարոյական չափանիշ սահմանող։ Բարոյական դատողություն անելու համար նախ անհրաժեշտ է ունենալ բարոյական լեգիտիմություն։

Եկեղեցու դեմ ուղղված այս արշավը իրականում ավելի շատ քաղաքական տեխնոլոգիա է։ Այն նպատակ ունի ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, ստեղծել նոր թշնամու կերպար, պայքարել այդ թշնամու դեմ և հերթական անգամ խարխլել ազգային ինքնության առանցքային սյուներից մեկը»։

Leave a Comment