7 հունվարի 2026 – 12:21 AMT
PanARMENIAN.Net – Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով 36 մարդ է զոհվել, ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է: Այդ մասին հունվարի 6-ին հայտնել է իրանական իրավապաշտպան HRANA կազմակերպությունը:
«Վերջին օրերին առնվազն 92 քաղաքում տեղի են ունեցել բողոքի հավաքներ: Այդ իրադարձությունների ընթացքում առնվազն 2076 քաղաքացի է ձերբակալվել, առնվազն 36 մարդ զոհվել է, այդ թվում՝ 34 ցուցարար և անվտանգության ու իրավապահ մարմինների 2 աշխատակից»,-նշվում է զեկույցում, հայտնում է «Իզվեստիան»:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գրոհներ են իրականացվել բժշկական կենտրոնների վրա, և Իրանում իրավիճակն ավելի է սրվում։
Փողոցային բողոքի ակցիաներ են դուրս գալիս վաճառականները և ուսանողները։
Նախորդ օրը Fox News-ը հայտնել էր, որ Իրանի ցուցարարները փաստացի գրավել են Աբդանան և Մալեքշահի քաղաքները Իլամ նահանգում` շարունակելով զանգվածային ցույցերը տնտեսական և քաղաքական դժգոհությունների ֆոնին։ Ցույցերն ուղեկցվել են անվտանգության միջոցների ուժեղացմամբ՝ ներառյալ արցունքաբեր գազիկիրառմամբ, ինչպես նաև ուժային կառույցների միջամտությամբ հիվանդանոցներում։
Իրանական լրատվական գործակալությունները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների այն պնդումները, թե իբր ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Մալեքշահիի շրջանը։
«Մալեքշահիում մի քանի լարված ժամերից հետո, երբ անվտանգության աշխատակից է զոհվել զինված անձանց հետ բախման ընթացքում, իրավիճակն ամբողջությամբ կայունացել է՝ շնորհիվ անվտանգության ուժերի ներկայության այդ շրջանում», — հայտնում է ՌԻԱ Նովստին Tasnim-ի վրա հղումով։
Գործակալությունը նշել է, որ անջատողական խմբավորումների հետ կապ ունեցող իրավախախտները փորձել են իրարանցում ստեղծել՝ օգտագործելով երկու անհատների թաղման արարողությունը, որոնք զոհվել էին վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Նրանք հարձակվել են բանկերի վրա, ոչնչացրել փաստաթղթեր և սարքավորումներ, ինչպես նաև կրակել են ուժայինների ուղղությամբ, որոնք փորձել են ցրել ցուցարարներին։
Mehr-ի հաղորդմամբ՝ Աբդանանում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մինչև ժամը 19։00, որից հետո մասնակիցները սկսել են հեռանալ։ Նրանցից առանձնացել է 250–300 հոգանոց մի խումբ, որը սկսել է վանդալիզմով զբաղվել և հրկիզումներ իրականացնել քաղաքի տարբեր հատվածներում։ Ուժայինների գործողությունների արդյունքում Աբդանանում վերականգնվել է կարգուկանոնը, և իրավիճակը վերահսկվում է։
Դեկտեմբեր ամսվա վերջին Իրանում սկսվել են բողոքի ցույցեր՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ։ Դրա հիմնական պատճառը եղել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մանրածախ և մեծածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել են բողոքի ակցիաների տեսանյութեր՝ նկարահանված Թեհրանում և այլ քաղաքներում։ Դրանից հետո Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը՝ Մոհամմադ Ֆարզինը, հրաժարական է տվել։ Նախագահի դեկտեմբերի 31-ի հրամանագրով այդ պաշտոնը ստանձնել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են բախումների ոստիկանության հետ և ուղեկցվել են հակաիշխանական կոչերով։ Տեղեկություններ են եղել զոհերի մասին ինչպես ցուցարարների, այնպես էլ ուժայինների շրջանում։
Իրանն այժմ ապրում է բարձր գնաճի շրջան։ Ռիալը շարունակում է արժեզրկվել. վերջին ամիսներին դոլարի փոխարժեքը սև շուկայում մի քանի անգամ գերազանցել է նախորդ ռեկորդները։ Մինչ ԱՄՆ-ի՝ 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր мвт 50 հազար ռիալ, իսկ այժմ այն հասել է մինչև 1.4 միլիոն ռիալի։