7 հունվարի 2026 – 12:25 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության՝ խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ գերազանցելու դեպքերի քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից ուժ կիրառելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը։
Քրեական վարույթի շրջանակում իրականացված քննության ու ձեռք բերված ապացույցների հիման վրա հաստատվել է, որ 2024-ի նոյեմբերի 21-ին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետն ուժ է կիրառել ակումբի հաճախորդի նկատմամբ, ապա հրահանգել է ակումբի աշխատակիցներին ու այցելուներին լքել տարածքը՝ խաթարելով ընկերության բնականոն գործունեությունը։ Նա նաև սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ՝ բռնություն գործադրելու բնույթով։
Նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով՝ պաշտոնատար անձի կողմից ուժ կիրառելով կամ նման սպառնալիք հնչեցնելով իշխանական կամ ծառայողական դիրքի չարաշահման կամ լիազորությունների գերազանցման հատկանիշներով։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ներկայացվել է հսկող դատախազին՝ հաստատման և ըստ էության քննության նպատակով դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցանքի մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։