«Կեղծ է»․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ-ի՝ իրեն վերագրվող փաստաթղթի մասին – Armenia Today

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կեղծ է անվանել Ազգային անվտանգության ծառայության՝ իրեն վերագրվող փաստաթուղթը, ըստ որի՝ նա «կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ»։

«Կեղծ է»,- «Գալա» հեռուստաընկերությունը կարճ մեկնաբանել է արքեպիսկոպոսը։

Ներսիսյանը, ով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն է, Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մոսկվայի հայ համայնքում պատարագ է մատուցել, անդրադարձել նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու իշխանությունների գործողություններին։

Նա հայտարարել է, որ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։

«Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը, խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին: Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների, մեր Սուրբ եկեղեցին, իր բարեպաշտ ժողովրդով, ամուր ու անսասան է՝ հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Civic.am կառավարամետ կայքը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն իր հարցմանը, ըստ որի՝ Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին: Ավելին, ԱԱԾ պատասխանում, հղում անելով «առկա տվյալներին», պնդել էին, որ արքեպիսկոպոսը ներկայումս «կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին»:

Նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն, պետական գաղտնիքի հիմնավորմամբ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան, հրաժարվել էր պատասխանել, թե ե՞րբ է բացահայտել, որ արքեպիսկոպոսը կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ։

Leave a Comment