Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետը 2024 թ.-ի նոյեմբերի 21-ին բռնություն է գործադրել ակումբի հաճախորդի նկատմամբ, որից հետո ակումբի աշխատակիցներին և հաճախորդներին հրահանգել է լքել տարածքը՝ այդ կերպ խոչընդոտելով ընկերության բնականոն աշխատանքը, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել ակումբի երգչուհու նկատմամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՔԿ-ն, ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի արարքը։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։