Դիլիջանի անտառներում նոր կյանք. վայրի բնության մեջ ծնվել է ազնվացեղ եղջերուի 4 ձագ. «Էկոսֆերա»

Այսօր ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում կա 24, իսկ վայրի բնություն բաց թողնված՝ 22 առանձնյակ։ Նրանցից մեկի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն այս պահին չկա. կապն ընդհատվել է։ Մասնագետները սպասում են արբանյակի տվյալներին՝ հասկանալու համար՝ խնդիրը տեխնիկակա՞ն է, թե՞ ոչ։ Բացի բաց թողնված 22 եղջերուից, վայրի բնությունում ևս 4 ձագ է ծնվել։

Եղջերուների համար հիմնական վտանգը որսագողերն են։ Կարևոր է նաև իրազեկվածությունը՝ ինչպե՞ս պետք է վարվեն քաղաքացիները, եթե ճանապարհին պատահաբար հանդիպեն եղջերուի։

Եղջերուները դարձել են Դիլիջանի այցեքարտը։ Տարեցտարի բազմացման կենտրոնի այցելուների թիվն ավելանում է. գալիս են թե՛ տեղացի, թե՛ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների խմբեր։ Կենտրոնից ստացված եկամուտն ամբողջությամբ չի փակում ծախսերը, սակայն ուղղվում է կենդանիների խնամքին, մասամբ էլ՝ դեղորայքի և կերի ձեռքբերմանը։ Անկախ տարվա եղանակից՝ կենտրոնի դռները միշտ բաց են այցելուների համար։

Իհարկե, կենտրոնի հիմնական առաքելությունն այլ է՝ բազմացնել և վերադարձնել այս տեսակը Հայաստանի բնաշխարհ։ Զգալի միջոցներ են ներդրվել, որպեսզի հնարավոր լինի ազնվացեղ եղջերուին կրկին տեսնել մեր անտառներում։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) «Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագրի համակարգող Մհեր Սադոյանի հետ զրուցեցինք ծրագրի ընթացքի մասին.

«Ծրագիրն իրականացվում է 2014 թվականից։ Այսօր արդեն բաց թողնված եղնիկներին հնարավոր է տեսնել հանրապետության տարբեր մարզերում. տեսախցիկները նրանց ֆիքսել են նույնիսկ Արագածոտնի մարզում»։

Ազնվացեղ եղջերուները Հայաստանի անտառներից վերացել էին դեռևս 1950-ականներին՝ որսագողության և բնական ապրելավայրերի ոչնչացման պատճառով։

Այսօր, թեև միջազգային կառույցների և նախարարության ջանքերով հնարավոր եղավ կենդանիներին վերադարձնել վայրի բնություն, մարդկային գործոնի վտանգը դեռևս պահպանվում է։ Սադոյանի խոսքով՝ բաց թողնված եղջերուներից մեկի հետ կապի ընդհատումը մտահոգիչ է. հույս ունենք, որ այն որսագողերի զոհ չի դարձել։

Leave a Comment