ԱՄՆ պաշտոնյաները Մադուրոյի ձերբակալությունից ամիսներ առաջ բանակցել են Ռոդրիգեսի հետ

Ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի և երկրի ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հետ Կարակասում գործողությունից մի քանի ամիս առաջ բանակցություններ են վարել, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:

ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ճեպազրույց են անցկացրել Կոնգրեսի անդամների համար, հայտնել են, որ ամիսներ շարունակ կապի մեջ են եղել այդ ժամանակ երկրի փոխնախագահի պաշտոնն զբաղեցնող Ռոդրիգեսի, ինչպես նաև նրա եղբոր հետ:

Նրանց խոսքով՝ բանակցություններն ուղղված էին նրան, որպեսզի փորձեն Վենեսուելայի ղեկավարությանը դրդել փոխել վարքագիծը։ Նշվում է, այդ բանակցությունները չեն վերաբերել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելուն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ճեպազրույցի ժամանակ օրենսդիրներին ասել է, որ Վաշինգտոնը Ռոդրիգեսին դիտարկում է որպես Մադուրոյից ավելի պրագմատիկ մարդ, որի հետ կկարողանա աշխատել: Բացի այդ, Ռոդրիգեսը նաև Վենեսուելայի նավթի նախարարն է, և Սպիտակ տունն ակնկալում է, որ նա կհամագործակցի երկրի նավթային ենթակառուցվածքների վերականգնման գործում և թույլ կտա ամերիկյան ընկերություններին ապագայում աշխատել այնտեղ:

Այնուամենայնիվ, ըստ CNN-ի աղբյուրների, Ռոդրիգեսի հետ պաշտոնական համաձայնություն դեռ չկա:

ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ Հունվարի 5-ին Ռոդրիգեսը երդվել էր որպես երկրի նախագահի պաշտոնակատար։

Leave a Comment