Ալիեւը հայտարարել է, որ կարող էր ավերել հայկական քաղաքները

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «ոչ մի երկիր, ոչ մի առաջնորդ չպետք է ոտնձգություն կատարի որեւէ երկրի տարածքային ամբողջականության վրա, չպետք է որեւէ երկիր օկուպացնի»:

Ալիեւն այս մասին ասել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակել է Azertac գործակալությունը:

 

«Մեր հզորությունն ու իմաստությունը, ինչպես նաեւ մեր պատասխանատվությունը տեսանելի են բոլորին: Մենք կարող էինք ուժ կիրառել եւ՛ 2020 թվականին, եւ՛ 2023-ին, եւ՛ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանին տալով այն պատասխանը, որին նա արժանի էր: Կարող էինք այնպես անել, որ նրանք նույն տառապանքները կրեին, ինչ մեր ժողովուրդը, որպեսզի նրանց տարածքները ավերվեին այնպես, որպեսզի նրանց դեմ էլ ռազմական հանցագործություններ կատարվեին: Մենք կարող էինք նաեւ նրանց քաղաքները այնպիսի վիճակի բերել, որում հայտնվել էր Աղդամը: Բացարձակ հանգստությամբ եւ վստահությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք չէր կարող մեզ կանգնեցնել: Բայց մենք դա չարեցինք: Որովհետեւ, նախ, դա սխալ կլիներ: Բացի դրանից, ես բացարձակ վստահ էի եւ գիտեի, որ վաղ թե ուշ պատերազմը, ռազմական հակամարտությունը պետք է դադարի: Դա պետք է կանգնեցներ ուժեղ կողմը, եւ այդ մասին արդեն գրել են մամուլում:

 

Թրամփի խորհրդական Ուիթկոֆը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Սպիտակ տանը նախագահ Թրամփն ինձ հարցրեց. «Ինչո՞ւ կանգնեցիք: Դուք ուժեղ էիք»: Իմ պատասխանը, հավանաբար, դուք էլ լսել եք: Բայց, չնայած դրան, պետք է ռազմական հզորություն ունենաս, որպեսզի ոչ ոք չգամարձակվի քեզ անարգանքով վերաբերվել, ոչ ոք չկարողանա քեզ վնաս պատճառել»,- ասել է Ադրբեջանի նախագահը: 

Leave a Comment