Կիևի դաշնակիցները՝ «Կամավորների կոալիցիայի» շրջանակում, Փարիզում կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիր։ Փաստաթուղթը նախատեսում է երկարաժամկետ անվտանգության մեխանիզմներ և աջակցություն Ուկրաինային՝ պատերազմի ավարտից և հնարավոր զինադադարից հետո։
Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը, ըստ Մակրոնի, նշանակալի առաջընթաց է և առաջին անգամ ամրագրում է «Կամավորների կոալիցիայի» կազմում ընդգրկված 35 երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև սերտ համագործակցությունը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հռչակագիրը ներառում է մի շարք առանցքային կետեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմի ստեղծումը, Ուկրաինային պաշտպանական զենքի երկարաժամկետ մատակարարումը, ինչպես նաև Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման դեպքում Կիևին աջակցելու իրավական պարտավորությունների ձևավորումը։
Բացի այդ, Կիևը, Փարիզը և Լոնդոնը ստորագրել են փաստաթուղթ Ուկրաինայում զորքերի տեղակայման վերաբերյալ։
Ստորագրվել է նաև մտադրության հռչակագիր, որը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի խոսքով, ստեղծում է իրավական հիմք բրիտանական, ֆրանսիական և գործընկեր այլ երկրների զորքերի տեղակայման համար հրադադարից հետո։
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են Ուկրաինայի տարածքում ստեղծել ռազմական կենտրոններ, ինչպես նաև ապահով և պաշտպանված օբյեկտներ՝ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար։ Նրա խոսքով՝ սա Ուկրաինային երկարաժամկետ աջակցության անսասան հանձնառության կարևոր բաղադրիչ է։
Գերմանիայի հնարավոր մասնակցության վերաբերյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ երկիրը չի բացառում իր զորքերի տեղակայումը Ուկրաինային հարևան ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում կամ Սլովակիայում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը պատրաստ է դիտարկել բոլոր հնարավոր տարբերակները։