Մակրոնը, Սթարմերը և Զելենսկին ստորագրել են Ուկրաինայում զորքերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները Փարիզում ստորագրել են հրադադարից հետո Ուկրաինայի տարածքում բազմազգ ուժերի տեղակայման վերաբերյալ հռչակագիր։

«Այսօր մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ տրամադրելով հուսալի երաշխիքներ երկարատև խաղաղության համար», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ այդ երաշխիքները ենթադրում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր ապագայում չի խախտվի։

«Հավաստի անվտանգության երաշխիքները և բարգավաճման ապահովման պարտավորությունները կարևոր են Ուկրաինայում երկարատև խաղաղություն հաստատելու համար, և մենք կշարունակենք համատեղ աշխատել դրան հասնելու համար», – սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։

Նա հայտարարել է, որ ամերիկյան և եվրոպական կողմերը կշարունակեն քննարկումները ուկրաինական պատվիրակության հետ այսօր երեկոյան և հունվարի 7-ին: «Մենք հույս ունենք մոտ ապագայում հասնել ավելի մեծ դրական ազդակի», – եզրափակել է նա։

Ամերիկյան կողմից, Սթիվ Ուիտկոֆից բացի, Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Եվրոպական երկրներից ներկա էին Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և այլ եվրոպական առաջնորդներ:

Leave a Comment