Նրանք գրագետ են, ունեն հարուստ բառապաշար, հիանալի հիշողություն և վերլուծական մտածելակերպ, գերազանց տիրապետում են թե՛ մայրենի, թե՛ օտար լեզուների՝ դառնալով միջմշակութային հաղորդակցության միջնորդ, տրամադրելով որակյալ և համարժեք թարգմանություններ:
Այս մասնագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը եղել է բոլոր ժամանակներում։ Անչափ հետաքրքիր մասնագիտություն, որը դարեր ի վեր քաղաքակրթությունների և միջանձնային հարաբերությունների լավագույն հիմքն է դրել, հնարավորություն տվել թարգմանելու աշխարհի ամենատարբեր գիտական աշխատություններն ու գեղարվեստական գրքերը, ծանոթանալու ամբողջ աշխարհին, ազգերին, մարդկանց, տարբեր մշակույթների, ավանդույթների, սովորույթների՝ ստեղծելով կամուրջ տարբեր ժողովուրդների միջև:
Թարգմանությունը կատարում է առանձնահատուկ դեր ամենատարբեր ոլորտներում, հետևաբար թարգմանաբանության ոլորտում ամբողջական և խոր գիտելիքով զինված, բանիմաց և գրագետ մասնագետների անհրաժեշտությունը եղել է բոլոր ժամանակներում։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է արձակագիր, թարգմանիչ, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերենի թարգմանության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Դիանա Համբարձումյանը: