ԱՄՆ-ը կգործի որպես գերտերություն՝ առանց ներողություն խնդրելու․ Սպիտակ տուն

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը վարվում է որպես գերտերություն և պաշտպանելու է իր շահերը Արևմտյան կիսագնդում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը։

«Աբսուրդ է, որ մենք թույլ ենք տալիս մեր «հետնաբակում» գտնվող երկրին դառնալ ռեսուրսների մատակարար մեր հակառակորդների, բայց ոչ մեր համար։ Զենք կուտակել մեր հակառակորդների մոտ։ Որպեսզի նրանք հնարավորություն ունենան հանդես գալ ընդդեմ Միացյալ Նահանգների, այլ ոչ թե հանուն Միացյալ Նահանգների»,— ասել է Միլլերը։

Նրա համոզմամբ՝ «ազատ աշխարհի ապագան» կախված է նրանից, թե արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իր շահերը «առանց ներողություն խնդրելու»։ Ըստ նրա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Արևմուտքը սկսեց ներողություն խնդրել, սողալ, մուրալ և դիմել զանգվածային ռեպարացիաների սխեմաների»։

«Կարելի է որքան ուզեք խոսել միջազգային քաղաքավարության և մնացած ամեն ինչի մասին, սակայն մենք ապրում ենք աշխարհում՝ իրական աշխարհում, որը կառավարվում է ուժով և հզորությամբ։ Սրանք աշխարհի երկաթյա օրենքներն են, որոնք գոյություն ունեն շատ վաղուցվանից»,— նշել է Միլլերը։

Խոսելով ԱՄՆ-ի՝ որպես գերտերության կարգավիճակի մասին՝ Միլլերը, ինչպես մատնանշում է CNN-ը, դիմել է «ԱՄՆ բոլոր դաշնակիցներին, ովքեր մինչ օրս չեն կարողանում հաշտվել Թրամփի երկրորդ ժամկետի առաջին բուռն տարվա հետևանքների հետ»։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը Արևմտյան կիսագունդն անվանել էր «իրենը» և այն հռչակել Վաշինգտոնի շահերի գոտի։ Թրամփն իր հերթին ընդգծել էր, որ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի համար «հարազատ տարածաշրջան» է, և հավելել, որ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության նպատակն է «պաշտպանել առևտուրը, տարածքը և ռեսուրսները, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր ազգային անվտանգության համար»։

Leave a Comment