Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի է «Մեծ» կոչմանը, որին մինչ օրս արժանացել են միայն Իվան III-ը, Պետրոս I-ը և Եկատերինա II-ը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահին կից Պատմական հիշողության ազգային կենտրոնի (ՊՀԱԿ) ղեկավար, ՌԴ Հանրային պալատի անդամ Ելենա Մալիշևան՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Ինչո՞ւ են կառավարիչներին անվանում «Մեծ»։ Որովհետև նրանց կառավարման ժամանակաշրջանը Ռուսաստանի պատմության մեջ՝ լինի դա Իվան III-ը, Պետրոս I-ը, թե Եկատերինա Մեծը, համընկել է հասարակական, տնտեսական և աշխարհաքաղաքական տիտանական տեղաշարժերի ժամանակաշրջանների հետ, և նրանք կարողացել են պատասխանատվություն ստանձնել երկրի հետագա վեկտորի որոշման հարցում։ Հենց սա է նրանց մեծությունը։ Եվ նայելով այսօրվա իրականությանը՝ մենք տեսնում ենք շատ նման իրավիճակ, ուստի ես միանշանակ կասեի՝ այո՛, մեծ է»,- նշել է նա։
Մալիշևան որպես օրինակ բերել է ժամանակակից բարդ գործընթացները, որոնք հաջողվել է պահպանել շնորհիվ Ռուսաստանի առաջնորդի։ «Տիտանական տեղաշարժեր տնտեսության մեջ, հասարակական աշխարհայացքում, սոցիալ-տնտեսական ասպեկտում և աշխարհաքաղաքական հատվածում. այսօր մենք վերապրում ենք դրանք։ Եվ նախագահը ստանձնեց պատասխանատվությունը ու որոշեց երկրի զարգացման հետագա վեկտորը, որը համապատասխանում է հասարակական պահանջին»,- հավելել է պատմաբանը։
«Նայե՛ք այն տրամադրություններին, որոնք այսօր առկա են հասարակության մեջ. տպավորություն է, թե բոլորն ուզում են ապրել։ Ապրել՝ հենց առաջ շարժվելու, մասնագիտական ոլորտում և քաղաքացիական նախաձեռնությունների տիրույթում սեփական ծրագրերն իրականացնելու իմաստով։ Հենց սա է մեր ապագայի գրավականը»,- եզրափակել է ՊՀԱԿ ղեկավարը։