Իսրայելի բանակը հարվածել «Հեզբոլլահ»-ի հենակետերին: Լիբանանցիների համար այդ հարվածներն անակնկալ չէին, քանի որ Իսրայելի բանակի խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքներին։ Լիբանանի «Զարթոնք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցածը Իսրայելի հայտարարած «Նոր Մերձավոր Արևելքի» տրամաբանության շրջանակում է։
Իսրայելի հարվածներն ամենևին չեն զարմացրել լիբանանցիներին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է Լիբանանի «Զարթոնք» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։
«Իրականում սա նորություն չէ, և սպառնալիքը միշտ կար։ Նույնիսկ ամսաթվի հետ կապված հստակեցում կար, որ եթե հունվարի ամսի 4-ից հետո Իսրայելի նախապայմանները կատարված չլինեին, իսկ այդ նախապայմանները պարզ էին, Լիբանանը պետք է զինաթափեր «Հեզբոլլահ»-ը, և եթե չհաջողեր, ապա Իսրայելը պետք է աներ դա։ Եվ անում է և պետք է շարունակի անել»։
Միջազգային մամուլը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի շարք շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։
Լիբանանի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիոնում, հրթիռակոծությունից հողին է հավասարվել եռահարկ մի շենք։
Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդում է, որ հարվածել են զենքի պահեստների և ռազմական օբյեկտների։
«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասում է, որ Իսրայելը ոչ միայն հարվածում է ՀԱՄԱՍ-ի ու «Հեզբոլլահ»-ի հենակետերին, այլև սպառնում է Լիբանանին՝ մեղադրելով, որ Բեյրութը չի կարողանում զինաթափել երկրի տարածքում գտնվող զինյալներին․
«Իսրայելն արդեն սկսել է նաև սպառնալ Լիբանանի պետությանը կամ կանոնավոր բանակին՝ մեղադրելով, որ իրենից պահանջվածը կամ իր վրա դրված պարտավորությունը կարողությունը չունի իրականացնելու։ Իսկ այդ կամքը չունի, որովհետև չպետք է մոռանալ, որ «Հեզբոլլահ»-ը հայաստանյան հասկացողությամբ կուսակցություն չէ, ամբողջ համայնքն է։ Այսինքն` կարելի է կուսակցությունը չեզոքացնել, բայց համայնքը չեզոքացնելու համար քաղաքացիական պատերազմի սերմեր պիտի ցանվեն»։
Սևակ Հակոբյանը կարծում է, որ «Հեզբոլլահ»-ը երբեք զենքը ինքնակամ վայր չի դնի, քանի որ զինյալները գիտեն, որ, միևնույն է, զոհվելու են։
«Նրանց առաջ «Հեզբոլլահ»-ը տակավին տեղի չի տա այն տրամաբանությամբ, որ զենքը հանձնողը վիզը սիր տակ կդնի, և նրանց մշակույթին նայելով՝ պետք է հասկանանք, որ այդ մարդիկ կորցնելու ոչինչ չունեն։ Այսինքն` եթե նորմալ մարդ արարածին մեկը սպառնա և ասի, որ պետք է իրեն սպանի, այդ մարդն այլևս խնդիր չի ունենա այդ հարցում։ Այստեղ մշակույթի խնդիր կա։ Եվ այսօր տեխնոլոգիան պայքարում է գաղափարի դեմ։ Թե ով կհաղթի, չգիտեմ։ Բայց մենք այնպիսի հանգրվանում ենք, որ այդ տեխնոլոգիան պայքարում է գաղափարի դեմ, և գաղափարը դիմանում է ինչ-որ կերպ»։
Լիբանանի վրա լայնածավալ հարձակման հավանականությունը Սևակ Հակոբյանը քիչ է համարում։ Նա ասում է՝ այդ առումով Իսրայելն արդեն վաղուց «այրել է իր մատները» և հետ քաշվել այդ մտքից։ Իսկ լոկալ հարվածներ կլինեն։
Որքան էլ Լիբանանում տեղյակ լինեն և պատրաստ լինեն իսրայելական հարձակումներին, միևնույն է, երկրում ընդհանուր մթնոլորտն առողջ չէ, ասում է «Զարթոնքի» գլխավոր խմբագիրը։