Ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ օգտագործելու պետության դեմ, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ օգտագործելու պետության դեմ։
Այս մասին այսօր ուխտերթի ավարտին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու», – ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք եկեղեցին հասցրել են այս կետին, հենց եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։
«Ես ուզում եմ ասել, որ ցավոք, այսօր եկեղեցու փաստացի պետը և իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը, մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են», – ասել է վարչապետը՝ նշելով, որ սա նշանակում է, որ եկեղեցեին պետք է ազատել և վերադարձնել ժողովրդին։
Փաշինյանի խոսքով՝ եկեղեցու սպասավորներն ունեն առանցքային կարևորագույն նշանակություն, նրանք եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին, և եկեղեցին ժողովրդի համար է։
Ըստ վարչապետի՝ եկեղեցին այն տեղն է, որտեղ մարդը հաղորդակցվում և հաղորդվում է Հիսուս Քրիստոսի հետ, և այսօր եկեղեցում Հիսուս Քրիստոսը մեկուսացված է, բայց լավ լուրն այն է, որ Փրկիչը դուրս է գալիս մեկուսացումից։
«Մենք էլ պիտի ընդունենք մեր մեղավորությունը և պատասխանատվությունը, որովհետև հիմա, ըստ էության, ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել։ Երկար ժամանակ մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ, մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ, և այսօրվա քայլարշավը նրա մասին էր, որ մենք վերադարձել ենք»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հայտնել է, որ Եկեղեցին և պետությունը այլևս իրար հետ են, և կոչ արել ժողովրդին մասնակցել պատարագներին և պահանջել, հորդորել, խնդրել, որպեսզի պատարագող հոգևորականները, այդ եկեղեցիներում ծառայող հոգևորականները միանան բարենորոգման օրակարգին` հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի։