
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Թեհրանին փոխանցել, որ Իսրայելը մտադիր չէ հարձակվել Իրանի վրա, հայտնում է Իսրայելի հանրային հեռարձակով Kan-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության աճի ֆոնին՝ Պուտինը և Նեթանյահուն վերջերս մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել։ «Նեթանյահուն Պուտինին խնդրել է, որպեսզի վստահեցնի Իրանին. «Մենք չենք հարձակվի նրանց վրա»», – հաղորդում է Kan-ը։
Կրեմլը երկու առաջնորդների միջև նոյեմբերի 15-ին տեղի ունեցած վերջին հեռախոսազրույցի մասին է հայտնել: Հաղորդվել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել Գազայում հրադադարի, Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում տիրող իրավիճակի վրա։ Մեկ ամիս առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Իսրայելից ազդանշաններ է ստանում այն մասին, որ հետաքրքրված չէ Իրանի հետ առճակատմամբ։
Ինչպես նշում է Kan-ը, Իսրայելը վախենում է, որ Թեհրանը կարող է առաջինը հարձակվել Իսրայելի տարածքի վրա։ Նեթանյահուի՝ Մոսկվայի միջոցով ուղարկված ուղերձը նպատակ ունի կանխել նման սցենարը։
Հունվարի 5-ին խորհրդարանում ելույթ ունենալով՝ Իսրայելի վարչապետը զգուշացրեց, որ Իրանի կողմից ցանկացած հարձակում կունենա «լուրջ հետևանքներ»։ Նա նաև նշել է, որ Իրանի հարցում Իսրայելի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներն ընդհանուր առմամբ համընկնում են։ «Մենք թույլ չենք տա Իրանին վերսկսել բալիստիկ հրթիռների արտադրությունը և, իհարկե, վերսկսել իր միջուկային ծրագիրը», – ընդգծել է Նեթանյահուն։