Գարեգին Բ․ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների՝ սա մեծ հարված է ազգի և պետության հեղինակությանը

Գարեգին Բ․ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների՝ սա մեծ հարված է ազգի և պետության հեղինակությանը

6 հունվարի 2026 – 14:00 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հղած իր հայրապետական պատգամում ասել է, որ «Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»:

Նա նշել է, որ «եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների»։

«Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի

Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը»,-ասել է կաթողիկոսը:

Նա հիշեցրել է, որ Հայոց Առաքելական եկեղեցին պատմության ընթացքում բազմիցս դարձել է հալածանքների և ճնշումների թիրախ, սակայն միշտ հաղթահարել է փորձությունները՝ մնալով հավատարիմ Քրիստոսին։

«Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը»,-ասել է Գարեգին Բ-ն:

Կաթողիկոսն իր պատգամում ողջույն է հղել նաև Հայ եկեղեցու մյուս Նվիրապետական Աթոռներին ու քույր եկեղեցիների առաջնորդներին, մաղթելով հաջողություն նրանց աստվածատուր առաքելության մեջ։

Պատգամի ավարտին նա աղոթք է բարձրացրել՝ հայոց բանակի, զոհված հերոսների ընտանիքների, գերեվարվածների, ազատազրկված հոգևորականների ու Արցախի հայության իրավունքների վերականգնման համար՝ մաղթելով խաղաղություն, ապահովություն և բարօրություն ամբողջ հայ ժողովրդին։

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս»,-ասել է Գարեգին Բ-ն:

Իշխանության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս տարվա Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագը մատուցվել է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։

Ներկա են եղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլոք:

Leave a Comment