
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թերևս կարևոր է խոսել ևս մի բանի մասին:
Ընկերներ, որոնք արտահայտվում են Հայ Առաքելական եկեղեցու կարգի և ինստիտուցիոնալ անսասանության պահպանության մասին, դատապարտում են դրա դեմ քաղաքական-կուսակցական գրոհը, որ պետական ինստիտուտների գործադրմամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ եք կարծում՝ չարժե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված զանազան կոչերի հարցում լինել քիչ ավելի զուսպ և համեստ:
Երբ կոչ եք անում Ամենայն Հայոց Կաթողիկոսին կայացնել այս կամ այն որոշումը, որևէ հոգևորականի կարգալույծ անելու կամ որևէ մեկին բանադրելու վերաբերյալ, չեք կարծո՞ւմ, որ դա, մեղմ ասած, մի փոքր անհամեստ է առաջին հերթին հենց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ: Նկատի ունեմ՝ այդպիսի կոչեր անելը՝ «կոչ եմ անում Վեհափառին կարգալույծ անել իքսին կամ իգրեկին»:
Չեք կարծո՞ւմ, որ թերևս նա է այն մարդը, հոգևորականը, գործիչը, որ ամենից լավ է պատկերացնում թե եկեղեցու կառուցվածքը, ինստիտուցիոնալ հիշողության նրբերանգները, ներեկեղեցական հսկայածավալ ցանցային հարաբերությունների ճարտարապետությունը՝ դետալներով, նաև եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա շերտավոր նրբությունները:
Կանգնա՞ծ եք եկեղեցու պաշտպանության ու պահպանության դիրքերում, կեցցեք: Այդ դիրքում թերևս ոչ թե դուք պետք է այս կամ այն անելիքի վերաբերյալ կոչեր հղեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ սպասեք, թե նա, ըստ անհրաժեշտության, ինչ կոչեր կանի եկեղեցու պաշտպանության համար, կամ չի անի:
Ընկերներ, ամենայն հարգանքով, բայց, երբ օրինակ ինքներդ խոսում եք եկեղեցու և եկեղեցապետի ինստիտուցիոնալ վեհությունից, չեք կարծո՞ւմ, որ հենց այդ վեհության համեմատությամբ առաջանում է հարց՝ «դուք ո՞վ եք», «մենք ո՞վ ենք», որ անենք այդպիսի կոչերը Նորին Սրբությանը»: