Ալիև. Այլևս չկա այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք՝ կա ուժ

Ալիև. Այլևս չկա այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք՝ կա ուժ

6 հունվարի 2026 – 13:27 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի այն, ինչ կոչվում է միջազգային իրավունք՝ կա ուժ:

«Թող բոլորը մոռանան դրա մասին: Կա ուժ, կա համագործակցություն, դաշինքներ, կա փոխադարձ աջակցություն»,-ասել է նա, հայտնում է APA-ն:

Ըստ նրա՝ այս պայմաններում յուրաքանչյուր երկիր առաջին հերթին պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը, իր անվտանգությունը:

Նա հիշեցրել է, որ Գաբալայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնել:

«Կարծում եմ, որ դա ևս անհրաժեշտ է: Անդամ երկրների հետ մենք երկկողմ զորավարժություններ ենք անցկացնում, բնականաբար, առավելապես Թուրքիայի հետ, բայց մյուս երկրների հետ նույնպես: Սակայն, համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է սիմվոլիկ նշանակություն ունենալ, և միաժամանակ կա նաև դրա գործնական անհրաժեշտությունը»,-ասել է Ալիևը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a Comment