Սկսվել է 2026-ի հունվարի կենսաթոշակների վճարումը

Սկսվել է 2026-ի հունվարի կենսաթոշակների վճարումը

5 հունվարի 2026 – 13:46 AMT

PanARMENIAN.Net – 2026 թվականի հունվարի կենսաթոշակների վճարման գործընթացը արդեն մեկնարկել է։ Այս մասին հայտնել է Միասնական սոցիալական ծառայությունը։

ՄՍԾ-ն նաև հիշեցրել է, որ թոշակների վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից։

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գնումներ կատարելու դեպքում կենսաթոշակառուներն արդեն ստանում են 20 տոկոս հետվճար։ Այդ մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նա նշել է, որ այս փորձնական ծրագիրը գործարկվել է դեռևս 2022 թվականին, և ժամանակի ընթացքում ինչպես շահառուների թիվն է ավելացել, այնպես էլ՝ հետվճարի տոկոսադրույքը։

«Ծրագրի արդյունավետությունն ակնհայտ է։ 2025 թվականի ամբողջական թվերը դեռ ամփոփված չեն, սակայն նոյեմբերի տվյալներով ավելի քան 378 հազար շահառու օգտվում է այս հնարավորությունից։ Ծրագրի մեկնարկին հետվճարի չափը 10 տոկոս էր, այսօր արդեն 20 տոկոս։ Վստահ եմ, որ սա բերելու է ավելի շատ մարդկանց շրջանում վարքագծային փոփոխությունների։ Այսինքն՝ ավելի շատ շահառուներ կօգտվեն այս հնարավորությունից։ Ավելին ասեմ, եթե այդ քարտը ԱՐՔԱ է, ապա այդ 20 տոկոսին գումարվում է ևս 2 տոկոս։ Եթե մեր շահառուները չունեն ԱՐՔԱ քարտ, ապա կարող են ցանկության դեպքում իրենց գործող քարտը փոխարինել դրանով, որևէ խնդիր այդ առումով չկա»,-ասել է նա:

Նա հավելել է, որ այս հնարավորությունը վերաբերում է նաև նպաստառուներին, եթե նրանք անկանխիկ եղանակով են ծախսում իրենց ստացած գումարը։

Ըստ նախարարության տվյալների՝ ներկայումս կենսաթոշակառուների թիվը անցնում է 650,000-ից, և մոտ 60 տոկոսն արդեն օգտվում է հետվճարի այս համակարգից։ Նախարարությունում վստահություն են հայտնել, որ այս ցուցանիշը կաճի՝ հաշվի առնելով սպասվող օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ ապրիլի 1-ից բոլոր թոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Դավիթ Խաչատրյանը հավելել է. «Չնայած կանխիկով թոշակ ստացողների թիվը մոտ 50,000 է, այնուամենայնիվ ապրիլի 1-ից այդ թիվը լինելու է զրո, այսինքն՝ բոլոր մեր շահառուները ստանալու են անկանխիկ եղանակով, հետևաբար դա նաև ազդեցություն է ունենալու թե՛ շրջանառության, թե՛ անկանխիկ գործարքներ կատարող շահառուների թվի վրա։ Մեր շահառուները հնարավորություն են ստանում այս վարքագծով բարձրացնել իրենց կենսաթոշակը կամ նպաստը։ Ըստ էության, եթե կենսաթոշակը ենթադրենք կազմում է 60,000 դրամ, ապա հնարավոր է այն դարձնել 72,000 դրամ: Դրանից բացի, քանի որ անկանխիկ գործիքներն ամբողջությամբ թափանցիկության շրջանակում են իրականացվում, հետևաբար դրանք ամբողջությամբ գտնվում են հարկային համակարգի և առհասարակ ամբողջ վճարային համակարգերի թափանցիկության դաշտում»։

Նա նշել է նաև, որ պետական բյուջե մուտք գործած հարկերը հետագայում վերադարձվում են քաղաքացիներին տարբեր սոցիալական ծրագրերով։

Leave a Comment