Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անարդար է անվանել երկրի բացառումը ԱՄՆ-ի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։ Նա կարծում է, որ ծրագրին վերադառնալը կարևոր է ՆԱՏՕ-ի համար։
«Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ Թուրքիան պետք է կրկին միանա այս ծրագրին։ Առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ի անվտանգությունն անհնար է։ Թուրքիայի ծրագրից բացառումը Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելու պատճառով անարդար է», – ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը: Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը:
2017 թվականին Թուրքիան Ռուսաստանից 2,5 միլիարդ դոլարով ձեռք բերեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտը» («Ռոստեխ» պետական կորպորացիայի մաս) հայտարարեց, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարվել է։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի գնդային համալիրի մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ-ի F-35 կործանիչների մշակման ծրագրից։