Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության փորձաքննության եզրակացությունը 3-րդ անձանց տրամադրելու դեպքով քրվարույթ չի նախաձեռնվել

Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության փորձաքննության եզրակացությունը 3-րդ անձանց տրամադրելու դեպքով քրվարույթ չի նախաձեռնվել

5 հունվարի 2026 – 14:10 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրության փորձաքննության արդյունքները վարույթի հետ առնչություն չունեցող երրորդ անձանց տրամադրելու մեջ դատախազությունը նախաքննության գաղտնիության խախտման խնդիր չի տեսնում։

Հաղորդումը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Արշակ Սրբազանը չի ճանաչվել որպես տուժող, իսկ իր ցուցմունքում նա նշել է, թե ինքը վնաս է կրել իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի հետևանքով, հայտնում է «Փաստինֆոն»:

Հրապարակումների արձագանքով Քննչական կոմիտեն արձագանքել է գրավոր հարցումներին՝ ըստ էության հաստատելով մերձիշխանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ փորձաքննությունը հաստատել է՝ տեսանյութում պատկերված անձը հենց Արշակ Սրբազանն է։

«Փաստինֆո»-ն դատախազությանը գրավոր հարցում է ուղարկել՝ փորձելով պարզել, թե արդյոք տեսագրության եզրակացության երրորդ անձանց տրամադրումը՝ առանց սրբազանի տեղեկացվածության կամ համաձայնության, չի համարվում նախաքննական գաղտնիքի ու անձնական տվյալների պաշտպանության խախտում։ Դատախազությունից հայտնել են, որ նման հանգամանքներով քրեական վարույթ նախաձեռնված չէ և իրավախախտում չի արձանագրվել։

Հոկտեմբերի 25-ի գիշերը «ArmenianWikileaks» տելեգրամյան ալիքում հրապարակվել են ինտիմ բնույթի տեսանյութեր՝ իբրև Արշակ Սրբազանի և մի կնոջ մասնակցությամբ։ Սրբազանը հերքել է իր առնչությունը հրապարակված նյութին։ Տեսագրության կապակցությամբ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիմքով՝ հարուցվել է վարույթ՝ անձնական կյանքի գաղտնիության խախտման մեղադրանքով՝ հատուկ տեխնիկական միջոց կիրառելու միջոցով։

Leave a Comment