Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նոր ղեկավարին՝ «կարող է մեծ գին վճարել, եթե ճիշտ չվարվի»

Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նոր ղեկավարին՝ «կարող է մեծ գին վճարել, եթե ճիշտ չվարվի»

5 հունվարի 2026 – 15:04 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ նա կարող է «մեծ գին վճարել, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն», եթե նա «ճիշտ չգործի»: Նա այդ մասին ասել է Atlantic-ին տված հարցազրույցում:

«Եթե նա ճիշտ չվարվի, ստիպված կլինի շատ բարձր գին վճարել, հավանաբար, շատ ավելի մեծ, քան Մադուրոն»,-ասել է Թրամփը, գրում է BBC-ն:

Նա պարզաբանել է, որ Ռոդրիգեսը պետք է երկրի բնական պաշարներին, մասնավորապես՝ նավթահանքերին, ամբողջական հասանելիություն տա ԱՄՆ-ին՝ «այլ տարբերակ չունի»:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է «երկրորդ և ավելի լայնածավալ գրոհի, եթե դա պահանջվի»:

Ռոդրիգեսն, իր հերթին, դիմել է ԱՄՆ նախագահին և համագործակցության կոչ արել՝ նշելով, որ «Վենեսուելան հաստատում է իր հավատարմությունը խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը»:

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր որ ԱՄՆ‑ն կկառավարի երկիրը մինչև «անվտանգ, ճիշտ և դատական անցում» հնարավոր լինի, և ասել, որ ամերիկյան նավթային ընկերությունները մտել են Վենեսուելա՝ ենթակառուցվածքը վերականգնելու և «սկսելու գումար բերել երկիր»:

Մադուրոյի աջակիցները դեռևս իշխանական լծակներ ունեն երկրում: Կուբայի կառավարությունն ասել է, որ 32 «համարձակ կուբացի մարտիկներ» են զոհվել, երբ ամերիկյան ուժերը հարվածել են և գրավել Մադուրոյին և նրա կնոջը: Կուբայում երկօրյա սուգ է հայտարարվել:

Թրամփը նաև զգուշացրել է Վենեսուելայի հարևան Կոլումբիային՝ նշելով, որ չի բացառում ռազմական գործողությունները Կոլումբիայի նկատմամբ:

«Կոլումբիան նույնպես շատ հիվանդ է, մի հիվանդ մարդու կառավարումով, ով սիրում է արտադրել կոկաին և վաճառել այն Միացյալ Նահանգներին, և նա այլևս դա չի անելու»,-ասել է Թրամփը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մադուրոն նախ տեղափոխվել է Կուբայի Գուանտանամո ամերիկյան բազա, այնուհետև Նյու Յորքի Օրինջ շրջանում գտնվող Ստյուարտ ռազմաօդային ուժերի Ազգային գվարդիայի բազա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 3-ի երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն գերեվարել է Մադուրոյին Վենեսուելային հարվածների ժամանակ: Մոսկվան և մի քանի այլ երկիր դատապարտել են ԱՄՆ գործողությունները:

Leave a Comment