Թալինում համայնքապետն ու իր աջակիցները թույլ չեն տվել քահանային եկեղեցի մտնել

Թալինում համայնքապետն ու իր աջակիցները թույլ չեն տվել քահանային եկեղեցի մտնել

6 հունվարի 2026 – 12:21 AMT

PanARMENIAN.NetԹալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում լարված մթնոլորտ է ստեղծվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնց ղեկավարում է համայնքապետ Տավրոս Սափեյանը, թույլ չեն տվել Արագածոտնի թեմի քահանաներին մուտք գործել եկեղեցի։։

Տավրոս Սափեյանն ասել է՝ թույլ չեն տալու, որ տեր Հայկը ներս մտնի եկեղեցի, քանի որ Սուրբ ծննդյան պատարագն անցկացվելու է կարգալույծ հայտարարված հոգևորական Արամայիս Թախմազյանի կողմից (նախկինում՝ տեր Թադե), հայտնում է Sputnik Արմենիան:

Եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հայկ քահանա Քոչարյանին չեն թույլատրել մուտք գործել անգամ աղոթքի նպատակով։ Արագածոտնի թեմի հոգևորականները «Հայր մեր» աղոթքն արտասանել են եկեղեցու մուտքի առջև։

Տեղում ներկա են մեծ թվով ոստիկաններ՝ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Բանակցությունները, որոնց ներգրավված են եղել թե՛ Արագածոտնի թեմի հոգևորականները, թե՛ Մայր աթոռի ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը, որևէ արդյունքի չեն հանգեցրել։

«Մենք մեր ծեսը կանենք, կգնանք, հետո դուք ձեր ծեսը կանեք»,- հայտարարել են Փաշինյանի կողմնակիցները՝ պնդելով, որ պատարագը պիտի մատուցի իրենց նախընտրած հոգևորականը (նախկին հոգևորական տեր Թադեն, այժմ՝ կարգալույծ Արամայիս Թախմազյան)։

Անդրադառնալով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ իրադարձություններին` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, որն անազատության մեջ է 2025 թվականի հոկտեմբերից, նշել է, որ սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։

Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել էր Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։

«Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը:

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը»,-ասվում է սրբազանի հայտարարության մեջ:

Նա շեշտել է, որ Հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում եղել և շարունակում է մնալ ազգի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության հենարանը, երբևէ չի ենթարկվել քաղաքական շահերին, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և արժանապատվությունը։

«Սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ»,- ասվում է նրա ուղերձում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Թալինի եկեղեցում տեղի ունեցածը որակել է որպես «ապօրինի և ծաղրի արժանի գործողություն»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Իշխանության զոռբայությամբ, Թալինի եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:

Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս: Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի:

Ապօրինությունը, ինքնախաբեյությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» գործընթացի մեկնարկի մասին՝ հրապարակելով այսպես կոչված «ճանապարհային քարտեզ»։ Այս փաստաթղթով, որը ստորագրվել է Փաշինյանի և եպիսկոպոսների կողմից, ձևավորվել է համակարգող խորհուրդ՝ եկեղեցու «բարեփոխման» կազմակերպման նպատակով։ Հունվարի 5-ին այս հայտարարությանը միացել է նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան վարդապետ Ալճանյանը։

Leave a Comment