
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ News.am-ը գրում է, որ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս իսկական քահանային մուտք գործել եկեղեցի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը հայտարարել էր, որ այսօր եկեղեցում մատարագ է մատուցելու կարգալույծ եղած քահանա տեր Թադեն, որը արդեն կրում է իր աշխարհիկ Արամայիս Թախմազյան անունը։
Քահանան նշեց, որ այսօր խաղաղության տոն է, խնդրեց աղոթել միասին։ Նա նշեց, որ դրանից հետո իրենք կգնան։
Եկեղեցու բակում է նաև Տավրոս Սափեյանը։ Նա հայտարարեց, որ եկեղեցու այս պատարագի համար եկեղեցական ունեն. «Ամենայն հարգանքով Տեր Հայկի նկատմամբ, Հայկը չի մտնելու եկեղեցի»։
Ասացին՝ «Հայկն աղոթելու է, դուրս գա»։ Եկեղեցու մոտ է նաև փաստաբան Արա Զոհրաբյանը։
Քահանաները որոշեցին հոտով շարժվել դեպի Մաստարայի եկեղեցի՝ բախումներից խուսափելու համար։
—
Մեր կողմից հավելենք, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի թալինյան քաղաքապետ ՔՊ-ական Սափեյանը, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ավելին, այդ հոդվածի 2-րդ մասով: Հիմա, իհարկե, Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ենթակա դատախազուհին ոչինչ չեն անի ու պատասխանատվության չեն կանչի այս քաղաքապետին, բայց ՔՊ-ի իշխանազրկվելուց հետո Տ.Սափեյանն առնվազն 1 հոդված արդեն «շալակած» կունենա, եթե իհարկե, երկնային արդարադատությունն այլ բան չորոշի մինչև այդ, բայց դա արդեն անքննելի է մահկանացուներիս համար:
Այնուհանդերձ, չզլանանք և մեջբերենք քրեական օրենսգրքի այդ հոդվածն ամբողջությամբ.
«Հոդված 209. Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը
1. Անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում՝ կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: