Իրանում 9 օր շարունակվող փողոցային ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, իսկ ավելի քան 1200 ցուցարար ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Deutsche Presse-Agentur (dpa) գործակալությունը՝ վկայակոչելով Իրանում Human Rights Activists իրավապաշտպան կազմակերպությանը եւ նրա HRANA մեդիացանցին։
HRANA-ի տվյալներով՝ դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել առնվազն 88 քաղաքներում կամ երկրի 31 նահանգներից 27-ում: Ինչ-որ պահի իրանցի ուժայինները սկսել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, հատկապես փոքր բնակավայրերի ակցիաների ժամանակ, գրում են իրավապաշտպանները:
Նման գործողությունները բողոքի նոր ալիք են հրահրել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մաշհադում և Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ցույցերին միացել են հանրապետության առնվազն 17 բուհերի ուսանողներ։ Ի պատասխան, ըստ ուսանողական լրատվամիջոցների, ուժայինները սկսել են ռեյդեր իրականացնել համալսարանի տարածքում: Ընդհանուր առմամբ, երկրում սկսված բողոքի ցույցերն Իրանի համար ամենազանգվածայինն են դարձել 2022 թվականից ի վեր, երբ քաղաքացիների վրդովմունքի առիթ էր դարձել 22-ամյա Մահսա Ամինիի մահը՝ «բարքերի ոստիկանության» կողմից նրան ձերբակալելուց հետո։
Իրանում զանգվածային ցույցերի ընթացքում 35 զոհվածների թվում 29-ը ցուցարարներ են, 4-ը ՝ երեխաներ, ևս 2-ը՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ, հայտնում են իրավապաշտպանները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժայինները փորձել են զենք օգտագործել Կուխդեշտում ցույցը ցրելու համար։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել, ինչն էլ կարող էր «Բասիջի» անդամի մահվան պատճառ դառնալ, ինչի մասին հաղորդվել էր հունվարի 1-ին:
Հունվարի 5-ին Իրանի դատական համակարգի ներկայացուցչությունը հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների նկատմամբ ներողամտություն չեն ցուցաբերի: Ընդ որում՝ Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել գրեթե երկու հազար մարդ՝ երկու անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։
Ցույցերը երկրում մեկնարկել են ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով:
