89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է պայթուցիչը և պայթեցրել ձեռքերի մեջ. նրան տեղափոխել են հիվանդանոց

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, մոմի փոխարեն վառելու և ձեռքերի մեջ պայթեցնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Leave a Comment