«Շողակաթ»-ի փոխարեն 2-րդ համարի ներքո կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ)։
Նշվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։
Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տվել Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը («Շողակաթ» հեռուստաընկերություն-խմբ.) լուծարելու նախագծին։
Հասարակական կազմակերպությունները, ընդդիմությունը հեռուստաընկերությանն առնչվող օրինագիծը պայմանավորել էին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի դեմ իշխանությունների գործողություններով։ «5-րդ ալիք» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստակամություն էին հայտնել եթերաժամ տրամադրել «Շողակաթ»-ին։
