Իմ մտքերն անազատության մեջ գտնվող հոգևորականների հետ են․ Ամստերդամը շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Ամերիկացի փաստաբան և «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ՝ հիշեցնելով, որ Հայաստանում կան հոգևորականներ, որոնք շարունակում են մնալ բանտարկված և մեկուսացված իրենց հետևորդներից։

«Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս ժամանակաշրջանի վեհ խորհրդի շուրջ՝ մի պահ, երբ լույսը ցրում է խավարը՝ բերելով հույսի, խաղաղության և վերածննդի ուղերձը»,- նշել է փաստաբանը։

Նա շեշտել է, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ հավատքը և մարդկային ոգին կարող են վեր բարձրանալ նույնիսկ ամենածանր փորձություններից։

Ամստերդամը մաղթել է, որ տոնական օրերը հույսի նոր զգացում և արդարության հաղթանակ բերեն հայ ժողովրդին։ «Արդարությունը, ինչպես և այս տոնի լույսը, անկասելի է, և ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ այն պետք է վերականգնվի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են իրենց համոզմունքների համար»,- հավելել է նա։

Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը դեկտեմբերի 30-ին վերադարձել էր տուն։ Դատարանը բավարարել էր փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։

Leave a Comment