Թուրքագետ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ 2025 թվականին հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի եղել, ինչպես սիրում են նշել ՀՀ օրվա իշխանությունները։
«Մեր իշխանությունն ասում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար բավականին դրական քայլեր եղել են, սակայն այդպես չէ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար մեկնարկած բանակցություններում որևէ առաջընթաց չի եղել, դրանք միայն լավ խոսքեր են, որոնք հնչեցնում է իշխանությունը։
Իշխանությունն ամբողջ 2025 թվականի ընթացքում բանակցել է Թուրքիայի հետ, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ, նրանք երկխոսություն են ունեցել, բայց բացի ջերմ լուսանկարվելուց, որևէ արդյունք չկա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը՝ ամփոփելով 2025 թվականը։
Խոսելով 2026 թվականից սպասումների մասին, թուրքագետը նկատեց՝ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այն դիվանագիտությամբ բանակցել Թուրքիայի հետ, որով բանակցում էր 2025 թվականին, ապա այս տարի լինելու է միայն ու միայն Թուրքիայի պայմանների ու նախապայմանների կատարման տարի։
«Չեմ ուզում բացասական բաների մասին խոսել, բայց իրականությունն այն է, որ եթե 2026 թվականին Հայաստանում վերարտադրվի այս իշխանությունը, ապա Թուրքիայի բոլոր պայմանները կատարվելու են։
Կարծում եմ՝ մինչև 2026 թվականի հունիսն իշխանությունների կողմից կշարունակվեն այն լավատեսական հայտարարությունները, որոնք եղել են մինչև այս պահը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ։
Հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ հնարավոր է տեղի ունենա հունիսին սպասվող ընտրությունների արդյունքներից հետո, այսինքն՝ ազգային իշխանության դեպքում, Թուրքիայի որևէ պայման չի կատարվելու։ Իսկ եթե օրվա իշխանությունը վերարտադրվեց, ապա 2026 թվականի երկրորդ կեսը Հայաստանի համար լինելու է թուրք-ադրբեջանական նախապայմանների իրականացման տարի»,- հավելեց Մհեր Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով այսօր Հայաստանում, տարածաշրջանում և առհասարակ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, 2026 թվականը Հայաստանի համար լինելու է շատ վճռորոշ տարի։
«Ես մաղթում եմ, որ հայ ազգը դուրս գա այս թմբիրից և տեր կանգնի ու մասնակցի այն ազգային Հայաստանի վերականգնմանը, որը բոլորս ենք երազում։ Հայաստանը պետք է լինի այն երկիրը, որի մասին մտածում ու երազում ենք, որին ձգտում ենք։ Ամենակարևորը, մաղթում ենք, որ այս տարում մեր երկիրն ազատվի այն մռայլությունից, որն արդեն 7-8 տարի է՝ պատել է Հայաստանին»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։